Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդես է եկել դասախոսությամբ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում
Երևանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Սուհեյլան Ալ-Ջուբուրին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Իրաքի հաղթանակը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ» վերնագրով։ Դասախոսությունը կայացել է 2022 թ․-ի մարտի 2-ին՝ չորեքշաբթի օրը վերոնշյալ ինստիտուտի գրադարանում, որին ներկա են գտնվել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը, միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայանը, ՀՀ-ում Եգիպտոսի Հանրապետության դեսպան պարոն Բահա Ալ-Դին Ալ-Դասուկին, ինչպես նաև մի խումբ դասախոսներ, ուսանողներ, հետազոտողներ և դիվանագետներ։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Իրաքի կառավարության և բանակի դերին՝ իր տարբեր կազմավորումներով, ժողովրդական մոբիլիզացիային, ցեղային մոբիլիզացիային և «Փեշմերգա» ուժերին ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գործում, ԴԱԻՇ խմբավորման ծայրահեղական գաղափարախոսությանը, ինչպես նաև Իրաքի ողջ տարածքն ահաբեկչական կազմակերպության վերահսկողությունից ազատելուն ուղղված գործողություններին։